ԳԱՂԱՓԱՐ
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին։ Մրցույթին կարող են մասնակցել քանդակագործներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Մայրաքաղաքի հենց սրտում՝ Կաթողիկե Ս. Աստվածածին և հարակից նորակառույց Ս. Աննա եկեղեցիների բակում տեղադրվելիք հուշարձանը կդառնա ազատության, հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ ամբողջություն:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, մեկնիչ, երաժիշտ, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ, Խոսրով Անձևացի եպիսկոպոսի կրտսեր որդին: Ենթադրվում է, որ ծնունդով եղել է Վասպուրական աշխարհի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղից կամ Անձևացյաց գավառից:
Կրթությունը ստացել և իբրև կուսակրոն հոգևորական դաստիարակվել է Նարեկավանքի բարձր տիպի դպրոցում՝ վանահայր և ուսուցչապետ Անանիա Նարեկացու (հավանաբար մոր հորեղբոր որդու) խնամակալությամբ: Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Գրիգոր Նարեկացին հայտնի է իր թողած հարուստ աստվածաբանական ժառանգությամբ: Գրիգոր Նարեկացին համարվում է հայ հոգևոր մտքի գագաթնակետը: 10-րդ դարում նրա թողած ստեղծագործական ժառանգությունը այժմ էլ դասվում է համաշխարհային գրականության լավագույնների շարքում: 2016 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից ճանաչվել է 36-րդ տիեզերական վարդապետ: