2

ԳԱՂԱՓԱՐԸ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին։ Մրցույթին կարող են մասնակցել քանդակագործներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Մայրաքաղաքի հենց սրտում՝ Կաթողիկե Ս. Աստվածածին և հարակից նորակառույց Ս. Աննա եկեղեցիների բակում տեղադրվելիք հուշարձանը կդառնա ազատության, հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ ամբողջություն:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, մեկնիչ, երաժիշտ, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ, Խոսրով Անձևացի եպիսկոպոսի կրտսեր որդին: Ենթադրվում է, որ ծնունդով եղել է Վասպուրական աշխարհի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղից կամ Անձևացյաց գավառից:

Կրթությունը ստացել և իբրև կուսակրոն հոգևորական դաստիարակվել է Նարեկավանքի բարձր տիպի դպրոցում՝ վանահայր և ուսուցչապետ Անանիա Նարեկացու (հավանաբար մոր հորեղբոր որդու) խնամակալությամբ: Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Գրիգոր Նարեկացին հայտնի է իր թողած հարուստ աստվածաբանական ժառանգությամբ: Գրիգոր Նարեկացին համարվում է հայ հոգևոր մտքի գագաթնակետը: 10-րդ դարում նրա թողած ստեղծագործական ժառանգությունը այժմ էլ դասվում է համաշխարհային գրականության լավագույնների շարքում: 2016 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից ճանաչվել է 36-րդ տիեզերական վարդապետ:

Գրիգոր Նարեկացու թողած գրական ժառանգության, ինչպես նաև նրա կենսագրությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Սբ. Գրիգոր Նարեկացու ամենից հայտնի աշխատությունը «Մատյան ողբերգության» պոեմն է, որը դարձել է համաշխարհային աստվածաբանական կարևորագույն աշխատություններից մեկը: Գրվել է 10-րդ դարում և ապրում արդեն մոտ հազար տարի՝ դառնալով հայ ժողովրդի ինքնության կարևորագույն արտահայտություններից մեկը: Ինչպես մեզ ծանուցում է ներածական-հիշատակարանը՝ գիրքը գրվել է բազմաթիվ եղբայրների, անապատականների, ճգնավորների խնդրանքով կամ պատվերով: Այս առումով աշխատությունը բյուրեղացումն է ճգնավորական-հայեցողական կյանքի խտացման, բազմաթիվ մարդկանց կատարելության փնտրումների և այդ ժամանակաշրջանի հոգևոր իդեալների: Գիրքը համարվել է հրաշագործ և բժշկարար զորություն ունեցող, ուստիև գրքի հետ կապված են մարդկային կյանքի զարմանալի վերափոխումների բազմաթիվ պատմություններ: Այն խիտ աստվածաբանական-խորհրդական բովանդակություն ունեցող աղոթագիրք է: Հատկանշական է, որ «Նարեկը» ոչ թե միակողմանի դիմում է, այլ երկխոսություն է Աստծո հետ: Գրքում քանդվում են պահպանողական և քարացած բոլոր պատկերացում-պատնեշները, որոնք սահմանում են մարդու վերջավոր վիճակը, մեղավորությունը: Այն առանձնահատուկ է Աստծո հետ զրույցի զարմանալի ազատությամբ:

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը հայտարարում է մրցույթ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» հուշարձան-կոթողի տեղադրման համար։ Հիմնադրամը գործում է 2013 թվականից և զբաղվում է հայկական մշակութային և ինտելեկտուալ ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ: Հիմնադրամը նախաձեռնել և իրականանցրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են հայ մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով ի ցույց դրել հայկական ինտելեկտուալ ժառանգության կարևորությունը համաշխարհային մակարդակով։ Բազմաթիվ նախագծերի շարքում կարող ենք առանձնացնել Հայերեն Վիքիպեդիայի զարգացման ծրագիրը, ի դեմս «Մեկ հայ, մեկ հոդված» արշավի, «Սարոյան Հաուս» ծրագիրը, Հայկական ազգային երաժշտական գանձարանը և այլն: